մաս 2. Քաղաք
Դպրոցում մեզ սովորեցնում էին, որ Երևանն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, հետո, երբ մեծացա, և ինձ արդեն բավականին «հասուն չափահաս» էի համարում, մտածում է` տո լավ է, էս ինչ խաբել են խաբում մեզ դպրոցում, ինչ ասես գլուխներս լցնում են, երևի չեն տեսել աշխարհի քաղաքները:
Եվ նորից Ստամբուլում ենք… Նավով շրջագայում ենք Բոսֆորի նեղուցով, ծովից հիանում քաղաքի տեսարանով… Զբոսավարն, իհարկե, անընդմեջ պատմում է պալատների և շենքերի մասին, որոնց մեծ մասը կառուցել են Բալյան ընտանիքի ճարտարապետները: Բնականաբար ոչ մի անգամ խոսքում չի նշում ճարտարապետների ազգությունը, և միայն, երբ տեղեկանում է, որ Հայաստանից ենք և հարցնում ենք հերթական շենքը նախագծողի մասին, ժպտալով պատասխանում ` ձեր ճարտարապետն է` Բալյանը:
Քաղաքի ներսում արդեն հնարավոր չէ չնկատել ավերված շենքերն ու առանձին բնակարանները: Ասես պատերազմ և ռմբակոծություն տեսած քաղաք լինի, որը չի հասցրել ամբողջությամբ վերացնել աղետի հետքերը: Իսկ մյուս շենքերն իրենցից առանձնապես բան չեն ներկայացնում, չհաշված հին շենքերից մի քանիսը, որոնց ճարտարապետներն ակնհայտ է, որ թուրքեր չեն… Եվ սա ամենևին էլ սև նախանձը չէ, որ խոսում է հայի մեջ. երբ վերադառնաք Ստամբուլ, ավելի ուշադիր եղեք:
Երբ ասում են անտանելի, անկանոն երթևեկություն, հավանաբար նկատի ունեն հենց Ստամբուլի երթևեկությունը: Մի կողմից հրաշալի վարպետություն է պետք քաղաքի նեղ փողոցներով երթևեկելու, մյուս կողմից` անհավանական ճարպկություն ուզածդ տեղից և ուզածդ եղանակով փողոցն անցնելու և մեքենայի տակ չընկնելու համար: Երևի Ստամբուլում բոլորն այդիպիսն են` վարպետներ և ճարպիկներ: Ի դեպ, մարդիկ երթևեկում են առանց ամրագոտիներ կապելու, երաժշտությունը մեքենաներում բարձ միացրած, հիմնականում թուրքական` ճիշտ մերոնց նման…
Իսկ սովորական քաղաքացիները, մարդիկ, որ քաղաքի դեմքն են, Ստամբուլում բարեհամբույր և օգնելու պատրաստ են: Նրանք ավելի շատ ասիացիներին հատուկ ջերմությամբ են աչքի ընկնում, քան եվրոպացիներին բնորոշ քաղաքավարությամբ: Ի դեպ, նրանց հագուկապը, ի տարբերություն երաժշտական ճաշակին, չի համընկնում մերի հետ. Ստամբուլի փողոցներում չենք հանդիպում անճաշակ կամ անպատեհ հագնվածների:
… Ստամբուլի հիմնական գեղեցկությունը ծովն ու նավահանգիստն են, Բոսֆորի նեղուցը, հայ ճարտարապետներ Բալյանների դինաստիայի կառուցած շենքերն ու պալատները, բյուզանդական քաղաքի ավերակները…
Վաղուց արդեն Երևանում շրջելիս հայացքս շենքերին է, զարդանախշերին, պատշգամբներին, պարզ և ազնվական կեցվածքով շենքերին… Հիմա, երբ, աշխարհի քաղաքներից մի քանիսը հասցրել եմ տեսնել, համոզված եմ, որ դպրոցում ոչինչ էլ չէին չափազանցնում. վարդագույն երազն իրական է: Ստամբուլն ինձ կրկին հիշեցրեց այդ մասին: Եվ սա ամնևին էլ պարծենկոտություն չէ, որ խոսում է հայի մեջ, Երևանում շրջելիս աչքերը լայն բացեք…
This slideshow requires JavaScript.





