Վերադարձ Ստամբուլ

Posted: 19/01/2012 in Մարդիկ People
Tags: ,

Հրանտ Դինքի դուստրը` Սարե Դինքը

Մաս 3. Դինքի քաղաքը

Եթե հիշում եք, Ստամբուլ կատած իմ վերջին այցից հետո նյութերի շարք պատրաստեցի:  Անցած տարի սեպտեմբերին էր, երբ հարցազրույց վերցրեցի նաև ինձ մտերիմ մի մարդուց, ով հինգ տարի առաջ ամուսնանալով պոլսահայի հետ, մեկնել  է Ստամբուլ և այժմ ընտանիքով բնակվում է Թուրքիայում: Չգիտես ինչու հարցազրույցը չէի հրապարակում: Այսօր հասկացա, որ հունվարի 19-ին էի սպասում…

Այսօր Հրանտ Դինքի մահվան օրն է: Թեև մեզանից շատերը Դինքի մասին իմացան նրա հեռանալուց հետո միայն, բայց դեռևս շատ քչերն են ճանաչում այն միջավայրը, որտեղ ապրում էր նա…

Ըստ պաշտոնական տվյալների Թուրքիայում ապրում է մոտ 70.000 հայ: Սակայն համայնքային պատկան մարմինները պնդում են, որ այս թիվը չափազանցված է: Իրենց կարծիքով այսօր Թուրքիայում ապրող հայերի թիվը 40.000 ավելի չէ. դրան գումարվում է նաև մոտ 12.000 հայաստանցիների թիվը:

Ինչո՞վ են զբաղվում  Հայաստանից ժամանած հայերը Թուրքիայում, ի՞նչն է նրանց պահում այստեղ:

- Երբ հինգ տարի առաջ Հայաստանից եկա, փողոցում հազվադեպ էի հայաստանցիների տեսնում, իսկ հիմա ամեն քայլափոխի, գրեթե ամենուր հանդիպում եմ նրանց: Փողոցը, որտեղ ես ապրում եմ, բնակեցված է հայաստանից եկածներով, նույնիսկ կարող եմ ասել, որ ամեն երկրոդ շենքում 1-2 հայ կա:  Հիմնականում կանայք են (սակայն վերջին շրջանում նաև տղամարդկանց կարելի է հանդիպել), ովքեր աշխատում են տներում՝  խնամում են տարեցների, երեխաների, կամ պարզապես սպասուհի են աշխատում, հիմնականում հայերի տներում, որովհետև իրենց ավելի ապահով են զգում: Սակայն բավական մեծ թիվ են կազմում նաև այն կանայք, ովքեր աշխատում են թուրքերի, հրեաների և հույների մոտ:

Հայաստանից հիմնականում ժամանակավոր բնակության են գալիս: Սակայն, կարծում եմ, եթե Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենար և նրանց հնարավորություն տրվեր քաղաքացիություն ձեռք բերել, նրանց մեծ մասը մշտական բնակություն կհաստատեր այստեղ, որովհետև իրենց ասելով, շատ սիրում են Թուրքիան և թուրքերին:
Բայց երկողների մեծ մասին այստեղ է բերում նյութական կարիքը: Եվ քանի որ Թուրքիան մոտ է Հայաստանին և այստեղ հասնելու համար նրանք մեծ գումարներ չեն ծախսում, նախընտրում են այստեղ գալ: Ես կարծում եմ, որ եթե Եվրոպա գնալը այդքան թանկ չլիներ, նրանց մեծ մասը կնախընտրեր Եվրոպան և ոչ Թուրքիան:

Ինչ վերաբերում է բնիկներին, նկատի ունեմ Թուրքիայի հայերին, նրանք այստեղ իրենց տունն են համարում և ասում են, որ իրենց պապերի պապերը այստեղ ծնվել այստեղ մեծացել, այստեղ էլ հողին են հանձնվել, նույնն էլ իրենք են անելու: Նրանք արմատներով կապված են այս հողին: Սակայն երբեմնի մեծ համայնքից այժմ մնացել է մոտ 40.000 մարդ, ինչը խոսում է այ մասին, որ մարդիկ աստիճանաբար   լքում են երկիրը:

- Շարքային թուրքերի վերաբերմունքը հայերի նկատմամբ ինչպե՞ս կբնութագրես:

- Դրական: Համենայնդեպս, այսքան ժամանակ ես վատ վերաբերմունք չեմ տեսել: Չեմ ասում, որ նրանք սուրբ են, բայց չեմ կարող ասել, որ գոնե մեկ անգամ վատ վերբերմունք եմ տեսել, ավելին, եղել են դեպքեր, երբ թուրքը շատ ավելի հասկացող է գտնվել, քան իմ հարևանությամբ ապրող հայը: Բայց սա չի նշանակում, որ նրանք խենթի պես սիրում են մեզ՝ հայերիս: Նրանք ունեն իրենց ծայրահեղական կազմակերպությունները, խմբերը, որոնք ատում են հայերին: Պարզապես Էրդողանի կառավարությունը շատ բան փոխեց ու դեռ շարունակում է փոխել այս երկրում: Փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքը երբեք այսքան դրական և լավ չի եղել այստեղ:

- Որքա՞ն հաճախ են հայերը ամուսնանում թուրքերի հետ: Սվելի շատ տղամարդի՞կ, թե՞ կանայք:

- Խառն ամուսնությունների խնդիրը թերևս ամենամեծն է համայնքի համար: Նմանատիպ ամուսնություններ շատ հաճախ են հանդիպում և ամեն օր աճելու միտում ունեն: Չկա նման ուսումնասիրություն, պարզելու համար տղամարդիկ են ավելի շատ ամուսնանում այլ կրոնի դավանող կնոջ հետ, թե հակառակը: Կրոնի հետ վարվում են տարբեր կերպ. ես գիտեմ շատ հայերի (թե՛ կին և թե՛ տղամարդ), ովքեր ամուսնացել են թուրքի հետ, բայց նրանց ամուսին/կինը փոխել է կրոնը և դարձել է քրիստոնյա: Սակայն կան դեպքեր, երբ օրինակ հայ աղջիկն ամուսնանում է թուրք տղամարդու հետ և ինքստինքյան դառնում կրոնափոխ: Միգուցե նրանք ինքնությունը հաստատող փաստաթղթում դեռ նա շարունակի համարվել քրիստոնյա, բայց էությամբ և հոգեպես նա դառնում է մուսուլման, որովհետև նա սկսում է ապրել նրանց կրոնին համահունչ:

- Հայկական մանկապարտեզներում և դպրոցներում հայերեն խոսո՞ւմ են:

- Իրականում, երբ երեխայիդ տանում ես դպրոց կամ մանկապարտեզ ընդունելու, ասում են` հարկավ, հայկական դպրոց է, հայերեն պետք է խոսվի: Բայց դա այդպես չէ: Պատճառները մի քանիսն են. առաջինն այն է, որ երեխաները մեծամասամբ գալիս են թրքախոս ընտանիքներից: Բոլոր ուսուցիչները և տնօրենը գիտեն հայերեն: Իսկ փոխտնօրենները բոլոր դպրոցներում թուրքեր են, դա պահանջվում է օրենքով: Օրինակ, իմ տղայի դասարանում ուսուցչուհին ասում է, որ ինքը խոսում է հայերեն, բայց 20 երեխայից ընդամենը 3-ն են հայախոս (մեկը իմ տղան է, մյուսը ընկերուհուս, որը ևս հայաստանցի է, իսկ 3-րդը բացառություն կազմող պոլսահայ ընտանիքի զավակ է, ում տանը բացառապես հայերեն են խոսում): Դասի ժամանակ ուսուցչուհին ամեն բան ասում է հայերեն, բայց տալիս է նաև թուրքերեն բացատրությունը, պայմանով, որ մի քանի դաս հետո երեխաները այլևս չպետք է հարցնեն թուրքերեն բացատրությունը:

Սակայն որքան էլ ուսուցչուհին ասի, պատմի, սովորեցնի, եթե երեխան տուն վերադառնա և շարունակի թուրքերեն լսել ու խոսել, ոչինչ չի փոխվի: Երեխան ընդամենը բառեր կարող է սովորել, այն էլ որպես պարտականություն կամ տնային հանձնարարություն: Երբ երեխան հայերենն ընդունի  որպես մայրենի լեզու, դա նրա համար դառնա էություն և նկարագիր, և իր ընկերների, բարեկամների, ընտանիքի անդամների հետ հաղորդակցման հիմնական միջոց, այդ ժամանակ որոշ փոփոխություններ կարող են տեղի ունենալ:

Պոլսահայերը միշտ վախեցել են փողոցում հայերեն խոսել, բայց այն բանից հետո, երբ հայաստանցիները եկան և սկսեցին շատ համարձակ հայերեն խոսել Թուրքիայի հասարակական վայրերում, նրանք այլևս առաջվա պես չեն վախենում:

-Իսկ եկեղեցո՞ւմ:

- Եկեղեցում ևս հայերեն չեն խոսում: Թեև պատարագն անցկացվում է հայերենով, երգեցողությունը մեր կոմիտասյան պատարագի հիման վրա է, բայց հայ մարդը հայի հետ Հայ առաքելական սուրբ եկեղեցում պատարագի ժամանակ շփվում է թուրքերենով: Սա ինձ համար անընդունելի է: Եկեղեցում ներկա 100 մարդուց 5-ը հազիվ է հայերեն խոսում: Թեև քարոզը սովորաբար հայերենով է մատուցում, այս տարվա Մեծ Պահքի շրջանում եղան դեպքեր, երբ Արևագալի պատարագներից մեկի ժամանակ վեճ էր ծագել երկու խումբ կանանց միջև, երբ քահանան հրաժարվել էր թուրքերեն քարոզ կարդալ:

Իսկ երիտասարդները եկեղեցի գնում են միայն տաղավար տոներին, այն էլ հին ու նոր ծանոթներին տեսնելու համար:

- Ինչպե՞ս են նշում հայերը ապրիլի 24-ը:

- Չեն նշում: Չեն կարող: Բացառություն էր այս տարվա ապրիլ 24-ը, որը նախաձեռնվեց, կազմակերպվեց և նշվեց մի խումբ թուրք մտավորականների կողմից, որին սակայն թիչ  թվով հայեր  մասնակցեցին:

- Իսկ սեպտեմբերի 21-ը:

- Չեն նշում: Չգիտեն տոնի մասին: Միայն հայկական թերթերից կարող են տեղեկություն ստանալ, այն էլ հայկական թերթեր կարդացողների թիվը օր օրի պակասում է:

Հետգրություն

Սա իրականությունն է բոլոր երկրներում ապրող հայերի մասին, մի քիչ տարբեր, մի քիչ նման: Պարզապես Թուրքիայի դեպքում ավելի ցավոտ է:

Հրանտ Դինքի սիրած երգը` Սարի աղջիկ

Comments

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s