Երբ մեր պատուհանները փոխում էին, տխրել էի, որ էլ չեմ լսի անձրևը, թռչուններին, շներին, տերևներին… Ընկերացա լռության հետ: Եվ հիմա, երբ պատուհանները փակ են անձրևի, տերևի, թռչունների ձայները սկսում եմ հորինել …
Archive for the ‘Ստեղծագործական’ Category
Երկրորդ հարկի իմ պատուհանից մարդիկ այնքան երջանիկ են երևում, Անձրևի, արևի, ձյան տակ քայլող բոլոր մարդիկ նույն դեմքն ունեն… Դու էլ անցիր մեր փողոցով…
Փոքր եմ: Ասեղնագործում ենք տատիս հետ. – Տա՛, էն երգը ո՞նց էր` «Որսկան ախպեր, սարեն կուգաս… » Ասեղնագործում ենք: Տատս երգում է. «Որսկան ախպեր, սարեն կուգաս, Սարի մարալ կըփնտրես, Ասա, յարաբ դուն չըտեսա՞ր. Իմ մարալըս, իմ բալես … » Տատս լաց է լինում: Պապայիս մասին մոռացել էի…
Ես գիտեմ` Էլի ձմեռ է գալու, Էս ձմեռն ի՞նչ է որ… Ձմեռ, երբ ջուրը սառում է գետնին, ձյունը դեպի ցած, աղոթքը` դեպի վեր ճամփին: Ես գիտեմ` Էլի ձմեռ է գալու…
Մեր տանը թիթեռներ եմ պահում, որ գաս, նստեն ուսիդ: նրանց քույրիկս բերեց գնալուց առաջ` իր հարսանիքին, Ճերմակ թելերով կապեց առաստաղից: Այդ օրվանից նրանք ապրում են իմ սենյակում:
Երբ սիրում էի, ձմեռ էր, և ապակիներն արտասվում էին տաքից: Բոլոր տղաները դեմքով քեզ էին նման: Երբ սիրեցիր դու, սկսեցին արտասվել ծառերը, աստղերը, երգերը… Եվ բոլոր աղջիկները դեմքով նմանվեցին նրան:
Այսօր անձրևն ավելի շուտ է եկել, քան գիշերը, և ես չգիտեմ` նրան որտեղ թաքցնեմ: Սուրճ եմ եփում նրա համար, գիլաս լվանում, զբաղեցնում եմ` մինչև որ գա գիշերը: Ի՞նչ եմ անելու, թե հանկարծ ուշանա…
Տերևի պես ազատ եմ, Անձրևի պես մերկ ու խոնավ, Քամու պես անամոթ, երբ երջանիկ ես առանց ինձ: Ծառից պոկված տերևի պես ազատ եմ ու անկշիռ…
Ինձ մոռանալն այնքան հեշտ է. Ես չեմ քայլում հանդիպակաց փողոցներով, սրճարանում պատահաբար ինձ չես գտնի: Նեղ ու փոքրիկ այս քաղաքում ինձ մոռանալն այնքան հեշտ է:
Հենց Ամանորի անուն են տալիս միշտ հիշում եմ այն մեկը որի նախօրիեին սիրահարված էի քեզ… Ուրիշ Ամանոր էլ չի գալիս:



